Արցախի Տիգրանակերտում պեղումների ընթացքում մի շարք գտածոներ են հայտնաբերվել
Նմանատիպ
Արցախի Տիգրանակերտի այս տարվա հնագիտական պեղումների արդյունքում մի շարք հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարի շուրջ 50 օր պեղումներ են անցկացվել Տիգրանակերտի երեք հիմնական տեղամասերում’ Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի շարունակության վրա, Անտիկ թաղամասում և Վաղքրիստոնեական տաճարի հյուսիսային բակում: «Հյուսիսային պարսպապատի հատվածում բացվել է պարսպի շարունակության նոր’ 25 մետրանոց հատվածը: Պարիսպը պեղման հատվածի եզրում ուղիղ անկյան տակ թեքվում է, սպասելի է հերթական աշտարակի գյուտը: Արդեն կարող ենք ասել, որ պարսպի երկարությունը 225 մետրի է հասնում: Գտածոների մեջ գերակշիռ մեծամասնություն են կազմում անտիկ խեցանոթների բեկորները, առանձնանում են անտիկ ծորակավոր սափորի վերնամասը, մեծ կարասի գոտեզարդ պսակն ու իրանի բեկորները, փոքր տափաշիշը և այլն»,-ասաց նա:
Պետրոսյանի խոսքով՝ Անտիկ թաղմասում այս տարվա պեղումների շնորհիվ կարելի խոսել ուղղանկյուն սենյակներից բաղկացած համալիրիրների մասին, որոնք ունեն ակնհայտ երկրագործական տնտեսավարման բնույթ: Պեղումները երկրագործական տնտեսությանը վերաբերող գտածոներից զատ տալիս են հարուստ բարձրորակ խեցեղեն, ջուլհակությանն առնչվող հում կավից պատրաստված բազմաթիվ կախիկներ, հատուկ նշելի են ներմուծված կավանոթների առանձին օրինակները:
«Ուշագրավ գյուտեր են արձանագրվել բազիլիկ տաճարի հուսիսային բակի պեղումների հետևանքով: Պեղումները ցույց են տվել, որ եկեղեցուն զուգահեռ առկա են մոնումենտալ մի այլ շինության մնացորդներ, որի հյուսիսային պատի մի հատվածն արդեն ունի մոտ տաս մետր երկարություն: Պատը շարված է սրբատաշ բլոկներով, կրաշաղախով, ունի սրբատաշ սալերով իրականացված հատակ և ձգվում է արևուտքից արևելք: Տիգրանակերտի շարջակայքում հնարավոր եղավ վավերացնել նման չորս նոր կոթող ևս»,-ասաց Տիգրանակերտի պեղումների ղեկավարը:
Հնագետը նշեց նաեւ, որ այս տարվա պեղումների ընթացքում նաքրվել է վաղքրիստոնեական եկեղեցին, պեղվել է վաղքրիստոնեական մեկ սլալարկղային թաղում, գտնվել են քարե թևավոր խաչի մնացորդներ:
Նշենք, որ այս տարի Արցախի Տիգրանակերտում պեղումներին մասնակցել են նաեւ Ֆլորենցիայի համալսարանի հնագետները: «Արցախի Տիգրանակերտը բացառիկ դիտարժան հուշարձաններից է, որտեղ ամեն տարի 1000-ավոր զբոսաշրջիկներ են այցելում»,-հավելեց Պետրոսյանը:
Արցախի Տիգրանակերտի պեղումներն այս տարի սկսվել են հունիսի 25-ին եւ շարունակվել մինչեւ օգոստոսի 19-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում