Նազելի Բաղդասարյանի եղբայրը վայր է դրել ավագանու մանդատը և դուրս եկել ՔՊ-ից, իսկ կինը՝ աշխատանքից

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս կուսակցությունից, և վայր է դնում ավագանու մանդատը։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս և վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը»,- գրել է նա և հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։
Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, որը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ է, իր ֆեյսբուքյան էջում ևս գրառում է արել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից, սեփական դիմումի համաձայն, այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։
«Հարգելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022 թ.-ի ապրիլի 15-ից, սեփական դիմումի համաձայն, այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել է նա:
Ավելի ուշ Արման Բաղդասարյանը ևս մեկ գրառում է արել՝ ներկայացնելով դիմումների պատճառը:
«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։
Ըստ իս՝ մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,- գրել է Բաղդասարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում