Նալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ կա զոհ ու վիրավորներ

Նալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ կա զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Այսօր՝ ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում