Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Լաքոտ

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Դիվանագետ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության տարելիցը՝ մեջբերելով նախ Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», այնուհետ հիշատակելով Էդգար Հիլզենրատի խոսքերն այն մասին, որ «Դա պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հնարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:

Լաքոտը նաև մեջբերել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչու՞ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»:

Եզրափակելով նախկին դեսպանը գրել է, որ այս երեք միտքը հանրագումարն են այն բանի, որ Ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:

«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են Ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել է Լաքոտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում