Դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ․ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայր․ «Իրավունք»

Դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ․ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայր․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, Times․am: «Իրավունք» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ դատախազությունը վերջինիս` որպես մեղադրյալի ներգրավելու միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5-օրյա ժամկետում: Ի՞նչ են պատրաստվում անել այս ընթացքում զոհվածների ծնողներն ու հարազատները, հետաքրքրվեցինք անմահացած հերոսներից Մխիթար Գալեյանի հորից` Գարիկ Գալեյանից: Նա նախ նշեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

– Արյան գին ենք ուզում, մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքացին է պայքարում, եթե իրենք պատրաստ են յուրաքանչյուրիս կողքին կանգնել եւ հասնել նրան, որ հանցագործը պատժվի: Ես հասկացա, որ Ազատության հրապարակում այս պայքարը չի ստացվի, դրա համար հավաքվում ենք գլխավոր դատախազության դիմաց ու այդտեղ էլ պետք է մնանք, ոչ մի տեղ չենք գնալու:

– Պարոն Գալեյան, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում բողոքի ակցիաներ իրականացնել գլխավոր դատախազության դիմաց:

– Մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները, աշխատակիցները կայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան: Եթե կան գեներալներ, ովքեր իմ ասածներից վիրավորվել են, թող գան եւ կանգնեն այստեղ ու ասեն, թե որ գեներալն ու գնդապետը փախավ: Այնպես որ, ես Գլխավոր դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ:

– Հակակոռուպցիոն կոմիտեն 5-օրյա ժամկետում է պատասխանելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք կառաջադրվի: Եթե պատասխանը բացասական լինի, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Եթե բացասական լինի, ուրիշ գործողությունների ենք գնալու, որովհետեւ մեր պահանջն արդար է: Յուրաքանչյուր ծնող վայրկյան առաջ ուզում է, որ այս հարցի լուծումը լինի: Այս հինգ օրը խնդիր չէ, տարի ու հինգ ամիս սպասում ենք, այս 5 օրն էլ ենք սպասելու: Բայց յուրաքանչյուրս ուզում ենք վայրկյան առաջ գոնե մի օր գլուխներս հանգիստ բարձին դնել ու մեր երեխեքին ասել` ձեր արյան պատասխանը տալիս են, «սայլը տեղից շարժվել է»: Տականքի պես գնդակը գցել են Սասուն Խաչատրյանի դաշտը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ), էլ ի՞նչ ասես, որ երկրի գլխավոր դատախազը դհոլ է նվագում յութուբում, երեւի, սերիալ էլ կնայի:

– Զոհված զինվորների ծնողների շրջանում այս օրերին որոշակի լարվածություն կա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծնողներով գոռում ենք, էմոցիաներով ենք խոսում իրար հետ, բայց բոլորս անպատ հարեւաններ ենք: Տարբերակ չկա, էլի գնալու ենք Եռաբլուր ու ամեն մեկս մեր երեխեքին ենք նայելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում