Ադրբեջանի ԱԳՆ-ի աշխատակիցների 90 տոկոսը դիվանագիտությունից հեռու մարդիկ են. «Ենի Մուսավաթ»
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում աշխատում են չինովնիկների զավակները, որոնք հեռու են դիվանագիտությունից եւ չեն տիրապետում անգլերենին: Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթի խմաբգրությանը երեկ նման բովանդակությամբ նամակ է հղել այդ գերատեսչության’ անունը բացահայտել չցանկացած նախկին աշխատակիցը:
Նամակում, որում մերկացվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում տիրող կոռուպցիան, կադրային քաղաքականությունն ու կամայականությունը, փոխարտգործնախարար Նադիր Հուսեյնովի եւ կադրերի ու մասնագիտական որակավորման վարչության պետ Էլմիրա Սարըջալինսկայայի հասցեին լուրջ մեղադրանքներ են հնչել:
«Նախարարությունում աշխատանքի են ընդունվում բարձրաստիճան չինովնիկների երեխաները, որոնք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է դիվանագիտությունը, եւ անգամ չեն տիրապետում անգլերենին: Նրանք դեսպանատներում նշանակվում են բարձր պաշտոնների: Այդ բոլորի պատճառը ԱԳՆ-ում տիրող կամայականությունն է, անարդարությունը եւ կոռուպցիան, որը ես տեսել եմ այդ կառույցում երկար տարիների ընթացքում», -նշել է նամակի հեղինակը:
Նախկին դիվանագետն ընդգծել է, որ «կադրերի բաժնի տարիներ շարունակ կաշառակերությամբ եւ ապօրինի գործունեությամբ զբաղվող պետ Էլմիրա Սարըջալինսկայայի պատճառով է, որ նախարարության աշխատակիցների 90 տոկոսն անորակ կադրեր են»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը լրագրողների հետ այսօր ունեցած զրույցում հայտարարել է, որ նախարարության վերաբերյալ «Ենի Մուսավաթ» թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում