Սիրիական պատերազմին միջամտելը չի շտկի դրությունը. Օբամա
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ քաղաքացիական պատերազմին միջամտելը չի շտկի Սիրիայի իրադրությունը, թեեւ ինքը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել այդ երկրի դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ:
Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ անցած շաբաթ Դամասկոսի արվարձանում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու են Սիրիայի իշխանությունները: Նրա խոսքով՝ քիմիական զենքի օգտագործումը շոշափում է ԱՄՆ-ի ազգային շահերը, եւ կանխիչ հարվածը բարերար ազդեցություն կունենա Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացման վրա:
Վաշինգտոնի արձագանքը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հայտնվել է դիվանագիտական փակուղում: Մեծ Բրիտանիան պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ադամները միաձայն ընդունեն Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված բանաձեւը, ինչը դե ֆակտո ենթադրում է ռազմական գործողություններ:
Սակայն Սիրիայի դաշնակից Ռուսաստանը դեմ է միջազգային միջամտությանը Սիրիայի գործերին եւ արգելափակում է միասնական որոշում ընդունելու ԱԽ-ի փորձերը:
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներին ներկայացրել է բանաձեւի նախագիծ, որը թույլատրում է «անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»: Բանաձեւի նախագծի տեքստը նաեւ թույլ է տալիս ռազմական ուժի կիրառումը, ինչպես գրված է բրիտանական տեսքտում, Սիրիայի կողմից քիմիական զենքի «անընդունելի» օգտագործման դեմ:
Մինչդեռ Սիրիան Արեւմուտքին մեղադրում է այն բանում, որ նա պատրվակներ է «մոգոնում» ռազմական գործողություններ սկսելու համար: Սիրիայի կառավարությունը կտրականապես մերժում է քիմիական զենքի կիրառման մեղադրանքները: Երկրի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը պահանջել է, որ արեւմտյան երկրները «ապացույցներ ներկայացնեն», նախքան այդօրինակ պնդումներ անելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում