1 մլն 600 հազար ադրբեջանցիներ «հօդս են ցնդել»
Նմանատիպ
Ադրբեջանում 1990-ականների սկզբներից վերացրել են այսպես կոչված «գրանցումը», ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել, մասնավորապես, բերել է չվճարված ալիմենտների, չվճարված տուգանքների եւ հաշիվների թվի մեծացման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում:
Հեռուստաալիքի թղթակից Խայալ Յուսիբզադեն պատմել է, որ Ադրբեջանի իշխանությունները եկել են եզրակացության, որ «բնակչության գրեթե կեսը բնակվում է ոչ գրանցման վայրում»:
«Բացի դրանից, ճշգրիտ տվյալներ չկան անգամ նրանց մասին, ով եւ ընդհանրապես ինչքան մարդ է լքել երկիրը: Ներկա դրությամբ’ Ադրբեջանում ոչ գրանցման վայրում բնակվում են մոտ 4 մլն քաղաքացիներ: Եվ դա միայն ներքին միգրացիան է: Ինչքան մարդ է գնացել արտասահման աշխատանք որոնելու, նույնպես անհայտ է», -նշվում է ռեպորտաժում:
Դեռեւս 2010 թ. Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նշվել էր, որ ընտրողների ընդհանուր թիվն Ադրբեջանում կազմում է 4 միլիոն 829 հազար 888 մարդ եւ, ինչպես եզրակացրել է հեռուստաալիքի թղթակիցը, այն կազմում է պաշտոնապես ընտրելու իրավունք ունեցող բնակչության 54 տոկոսը: Իսկ Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում նշված է եղել, որ երկրի 18-ից բարձր (ընտրելու իրավունք ունեցող) բնակչության թիվը կազմում է մոտ 6 438 000 մարդ: Հարց է առաջանում, իսկ ու՞ր են Ադրբեջանի 1,6 մլն ընտրողները:
Փորձագետները գտնում են, որ Ադրբեջանում բնակչության պաշտոնական մարդահամարը չի արտահայտում իրական պատկերը, եւ Պետվիճկոմը գործնականում հաշվի չի առնում միգրացիան, այն դեպքում, երբ միայն Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցիների ընդհանուր թիվը կազմում է 2,5 մլն մարդ: Դեռեւս 2011 թ-ի հոկտեմբերին ՌԴ զբաղվածության վարչության ղեկավարի տեղակալ Իվան Շուբալիեւը նշել էր, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով Ուկրաինայից եւ Ուզբեկստանից հետո Ադրբեջանը զբաղեցնում է երրորդ երկիրը: Ադրբեջանում «ԱԴԱՄ» սոցիոլոգիական կենտրոնի կողմից անcկացված համազգային հարցման տվյալներով’ բնակչության 62 տոկոսը ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես լքել երկիրը:
Ադրբեջանի իշխանությունների կողմից երկրի ընդհանուր բնակչության եւ ընտրելու իրավունք ունեցողների իրական թվի աղավաղումները միտված են համապետական ընտրություններում կեղծարարությունների իրագործմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում