Սիրիայի ռազմական հարվածներ հասցնելը կուժեղացնի «Ալ Քաիդա»-ին. Սիրիայի խորհրդարանի խոսնակ
Նմանատիպ
Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ջիհադ ալ Լյահամը նամակ Է ուղղարկել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորներին, որում նախազգուշացրել Է, որ Սիրիային Արեւմուտքի ռազմական հարվածները կուժեղացնեն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը: Նամակի տեքստը օգոստոսի 29-ին հրապարակել Է «Սքայ նյուս» հեռուստաընկերությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Սիրիայի օրենսդիր իշխանության ղեկավարի ուղերձը բրիտանացի պատգամավորներն ստացել են Համայնքների պալատում Սիրիայի խնդրի վերաբերյալ կառավարական բանաձեւի՝ օգոստոսի 29-ին նշանակված քվեարկության նախօրյակին: Այդ փաստաթղթում Դամասկոսի իշխանությունների վրա Է դրվում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատվությունը եւ խոսվում Է Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության մասին:
Իր նամակում Ազգային խորհրդի (Սիրիայի խորհրդարանի) նախագահը Մեծ Բրիտանիայի պատգամավորներին խնդրում Է լավ մտածել, նախքան Դեւիդ Քեմերոնի կառավարության բանաձեւի օգտին քվեարկելը:
«Սիրիային հարված հասցնելով եւ թուլացնելով նրա ինստիտուտները, դուք ինքնաբերաբար զորացնում եք մեր ընդհանուր թշնամուն՝ «Ալ Քաիդա»-ին, եւ նրա ճյուղավորումներին»,-նախազգուշացրել Է սիրիական խորհրդարանի ղեկավարը:
Իր հերթին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ելույթ ունենալով բանակային հրամանատարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, հայտարարել Է, որ Սիրիայի եւ Արեւմուտքի դիմակայությունը կմտնի պատմության մեջ, եւ սիրիական ժողովուրդը կհաղթի: «Ճգնաժամի սկզբից, ինչպես դուք լավ գիտեք, մենք սպասում ենք այն պահին, երբ մեր գործին կմիջամտի իսկական թշնամին: Ես վստահ եմ, որ ձեր բարոյական ոգին բարձր Է, եւ դուք լիովին պատրաստ եք այն բանին, որ դիմագրավեք ցանկացած ագրեսիա եւ պաշտպանեք հայրենիքը»,-ասել Է նա՝ անդրադառնալով արեւմտյան մի քանի երկրների հայտարարությանը, որոնք պատրաստակամություն են հայտնել հարված հասցնելու Սիրիային: «Դա կլինի պատմական դիմակայություն, եւ մենք հաղթող դուրս կգանք»,-ընդգծել Է Սիրիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում