Հիդրոմետ ծառայությունն ահազանգում է.որոշ հեռուստաընկերությունների եղանակի տեսությունները չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունն առաջարկում է բոլոր հեռուստա-ռադիոընկերություններին, ինտերնետային կայքերին օգտվել եղանակի իրենց կանխատեսումներից’ հանրությանը արժեքավոր տեղեկատվություն ներկայացնելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը’ նշելով, որ լրատվամիջոցների մեծամասնությունը օդերևութաբանական կանխատեսումները ներկայացնում են անհայտ աղբյուրներից:

«Նրանց կողմից ներկայացվող տեղեկությունը մեր կողմից ենթարկվել է մասնագիտական վերլուծությունների, համեմատվել հանրապետության տարածքում գործող 47 օդերևութաբանական կայանների փաստացի տվյալների հետ, որից հետո պարզ է դարձել, որ այդ կանխատեսումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին’ հաճախ լինում են էական շեղումներ, իսկ երբեմն էլ հեռուստաընկերությունը նույն օդերևութաբանական ինֆորմացիան առանց որևէ փոփոխությունների մի քանի օր ներկայացնում է հանրությանը: Արդյունքում հեռուստ ադիտողը տվյալ օրվա եղանակի տեսության վերաբերյալ տարբեր հեռուստաալիքներից ստանում է տարբեր տեղեկություն, որն ապակողմնորոշում է հանրությանն ու թույլ չի տալիս ճիշտ պլանավորել աշխատանքները: Այդ երևույթը, բնականաբար, ազդում է հայ օդերևութաբանների և ԱԻՆ հիդրոմետ ծառայության հեղինակության վրա»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքերով’ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումները ներկայացնում են «Շանթ», «Արմենիա» և ԱՐ հեռուստաընկերությունները և հանրային ռադիոն, մյուս հեռուստաընկերությունների կոմից ներկայացված օդերևութաբանական կանխատեսումների համար ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը պատասխանատվություն չի կրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում