Նիկոլ Փաշինյանը հատեց բոլոր կարմիր գծերը՝ առավել ակնհայտ դարձնելով իր վախերը

Նիկոլ Փաշինյանը հատեց բոլոր կարմիր գծերը՝ առավել ակնհայտ դարձնելով իր վախերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, Times․am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով՝ երեկ իշխանությունը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ բացահայտ պատերազմ հայտարարելով սեփական ժողովրդին։

«Ավելին, խաղաղ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված Նիկոլն ու նրա հրաման կատարողներն այնուհետև սկսեցին տեղեկատվական արշավը՝ կատարվածի մեջ մեղադրելով ցուցարարներին։ Ես դժվարանում եմ քաղաքակիրթ ձևակերպումներ գտնել՝ իշխանությունը ուժով պահող այս բանդայի գործողություններին գնահատական տալու համար․․․», – ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

Նա հայտնել է, որ երեկվա դեպքերի հետ կապված հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։

«Ժողովրդի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ արձակողն ու նման հրաման տվողն անպատիժ չեն մնալու։

Իհարկե, այստեղ ասելիք ու անելիք ունեն նաև միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան ընկերակցության ներկայացուցիչները, Նիկոլին ու «հայկական ժողովրդավարությունը» սատարողները։

Հարգելի՛ գործընկերներ, դու՛րս եկեք ձեր երկակի ստանդարտներից, հավատարի՛մ մնացեք այն արժեքներին, որոնց դավանել եք։

Երեկ Նիկոլը հատեց բոլոր կարմիր գծերը՝ առավել ակնհայտ դարձնելով իր վախերը։ Հունիսի 3-ի իրադարձությունների մասին դեռ երկար կխոսվի, ասելիք շատ կա։ Հիմա ուզում եմ առողջություն ու արագ ապաքինում մաղթել մեր տասնյակ տուժած հայրենակիցներին։ Մեր պայքարն անկասելի է», – նշել է Ստամբուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում