Ադրբեջանում 176 հազար գլուխ անասուն վարակվել է վիրուսով
Նմանատիպ
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պետական անասնաբուժական ծառայության պետի տեղակալ Ռամիզ Սալմանովը Բաքվում այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի տարածքում 176 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն վարակվել է բունյավիրուսով: «Մենք առողջապահության նախարարություն ներկայացրել ենք անհրաժեշտ դեղամիջոցների ցանկը’ այդ վիրուսով անասունների վարակվելու հնարավորությունը կանխելու համար: Դեղամիջոցները կհասցվեն այն բոլոր վայրերը, որտեղ վարակի դեպքեր են գրանցվել», – ասել է նա:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Սալմանովը խորհուրդ չի տվել օգտագործել սատկած կենդանիների միսը: «Դրա հետ միասին, անասուններին կարելի է մորթել հիվանդության բուժումից առնվազը երեք օր անց, քանի որ վիրուսային ինֆեկցիան այդքան արագ չի անցնում», – խորհուրդ է տվել նա:
Ադրբեջանի գլխավոր անասնաբույժի տեղակալը հայտնել է, որ մինչ այժմ այդ վիրուսից սատկել են 52 անասուններ, 59-ի մոտ էլ վիժում է տեղի ունեցել:
Ադրբեջանում խոշոր եղջերավոր անասունների զանգվածային հիվանդության եւ անկման մասին օգոստոսի 24-ին հայտնել էր ադրբեջանական APA TV հեռուստաաալիքը: Հաղորդման մեջ նշվել էր, որ Գյոյչայի շրջանում եղած 17 հազար խոշոր եղջերավոր անասուններից 6 հազարն արդեն վարակվել են բունյավիրուսով, տասնյակ անասուններ էլ սատկել են: Տեղի անասնաբույժի խոսքով’ անասունների մոտ հիվանդության նշաններն ի հայտ են գալիս կերից հրաժարվելու, հետեւի ոտքերի բռնվելու եւ անասունի բերանից հեղուկի արտահոսքի ձեւով: Այդ հիվանդությամբ վարակված անասունը մի քանի օր հետո սատկում է: Հիվանդությունը տարածվել է նաեւ մանր եղջերավոր անասունների մեջ:
Հիվանդությունը, որն սկսվել է օրեր առաջ տեղացած հորդառատ անձրեւից հետո, արդեն տարածվել է Ադրբեջանի ամբողջ տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում