ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նմանատիպ
Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարարության օգոստոսի 14-ի հայտարարությունը ‘ որպես ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:
Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարությունում Արցախի ԱԳՆ իր խորը անհանգստությունն է արտահայտում Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ, որի ամենավերջին օրինակներից է ՄԱԿ-ում’ նրա անդամ պետություններին ուղղված նամակի տարածումը, որով կոչ է արվում զերծ պահել նրանց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» Արցախ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից Արցախ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը:
Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տարված լինելով ատելության և թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ և սպառնում է պատժամիջոցներ կիրառել Արցախ այցելող’ երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին:
Արցախի ԱԳՆ ողջունում և խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը Արցախ: Նման այցելությունները և մարդկանց միջև շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում, բայց և անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն Արցախի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում