Բագրատ Եսայանին 2 տարի առաջ հարուցված քրգործի շրջանակում են ձերբակալել․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին 2 տարի առաջ հարուցված քրգործի շրջանակում են ձերբակալել՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Երկիր Մեդիայի» լրատվական և քաղաքական հաղորդումների նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով շտապել է հեռուստաընկերության շենք և մտել Եսայանի աշխատասենյակ։
Նա նշեց, որ մինչ այդ որևէ ծանուցագիր, հարցաքննության հրավեր Բագրատ Եսայանին չեն ուղարկել և չեն հրավիրել նախաքննության մարմին։
«Փաստորեն, երկու տարի նախաքննությունը գնացել է, Բագրատ Եսայանը Երևանում երկու տարի ապրել է, ակտիվ մասնակցել է հանրային կյանքին, հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով, մեկ այլ շինծու գործով 10 հոգու շաքերում նաև Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել Դատախազության մոտ ակցիայի ժամանակ իբր Նիկոլ Փաշինյանին պիտակավորելու համար։ Ամեն անգամ Բագրատ Եսայանը պարտաճանաչ ներկայացել է, հանդես է եկել բազում ելույթներով, բացատրություններ է տվել, հարցեր է ուղղել վկաներին, հետո հանդես է եկել ասուլիսներով և այս ամբողջ ընթացքում Բագրատ Եսայանը գտնվել է Երևանում, և երկու տարվա նախաքննության ընթացքում ԱԱԾ-ականները որոշել են, որ հենց պետք է գան «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, և հենց լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով նրան տանեն ԱԱԾ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա կասկած հայտնեց, որ նրան ձերբակալել են հենց որպես «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն՝ հատկապես նկատի ունենալով վերջին շրջանում հեռուստաընկերության դեմ կազմակերպվող արշավը։
Նա հիշեցրեց, որ 1989 թ-ին էլ է ԱԱԾ-ն առևանգել Եսայանին որպես Արցախյան շարժման ղեկավարներից։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում