Բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը․ Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, Times․am: Միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պատշաճ ներկայացված չեն, և մեր հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը. այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով Եվրոպական խորհրդարանում իր հանդիպումների արդյունքում արված արձանագրումներից առաջինը, փոխանցում է Yerkir.am-ը։
Նրա երկրորդ արձանագրումը՝ ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման պահանջ գոյություն չունի։
«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, խաղաղության օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ընթացքում մանրամասն բացատրում էինք, որ հայ ժողովուրդը դեմ չէ խաղաղությանը, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, և պարտադրված խաղաղությունը տարածաշրջանին չի կարող բերել կայունություն, այս հիմնավորումները նրանց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ երրորդ արձանագրման՝ Հայաստանի ընդդիմությունը պայքարում է մի քանի ճակատներով։ Այսպես՝ թուրք -ադրբեջանական պատվիրակություններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել իբրև ռևանշիստական, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, և նրանց այս թեզերը նաև աջակցություն են ունենում Հայաստանի իշխանությունների կողմից։ Հետևաբար, ընդդիմության բոլոր պնդումներն ու հայտարարությունները, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում մեր ժողովրդի շահերը, համագործակցում են Թուրքիայի և Ադրբեջւանի հետ, նույն թեզերն են առաջ տանում միջազգային կառույցներում, շատ ակնհայտ էին հանդիպումների ժամանակ։
«Չորրորդ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում և վերադասավորումների փուլում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական, ոչ համարժեք քաղաքականություն»,- նշեց Սաղաթելյանը ՝ շեշտելով, որ Ադրբեջանը դարձել է հետաքրքիր Եվրոպայի համար՝ նավթի ու գազի շնորհիվ, ու այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը։
Հինգերերոդ արձանագրմամբ՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունները ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները ներկայացնում են միակողմանի, և այս հանդիպումները շատ կարւևոր էին, որպեսզի ներկայացվի Հայաստանում տիրող իրական վիճակը՝ քաղբանտարկյալներ, ապօրինություններ և այլն։
Մանրամասն դիտեք տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում