Նախազգուշացումները չեն խանգարել Նոր Հարավային Ուելսի պատգամավորներին այցելել Արցախ. The Australian
Նմանատիպ
«The Australian» հեղինակավոր ավստրալական թերթն անդրադարձել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակության Արցախ կատարած այցին: «Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը և պետական բարձրաստիճան մեկ պաշտոնյա, անտեսելով Արտաքին գործերի նախարարության նախազգուշացումները, այցելել են Արցախ»,- գրում է թերթը’ օգոստոսի 30-ի իր համարում: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը, որի կազմում էր նաև Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Կլավիս Պերեճիկյանը, Արցախ էր այցելել այս տարվա հուլիսին’ պաշտոնական հանդիպումներ ունենալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի, խորհրդարանի խոսնակի և բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ:
Թերթը նշում է, որ 143 հազար բնակչություն ունեցող Արցախ-ը դեռևս միջազգային ճանաչում ձեռք չի բերել որպես անկախ պետություն: Խուսափելով Ադրբեջանի և վերջինիս դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից’ Ավստրալիայի ԱԳ նախարարությունը նախազգուշական հայտարարություն էր արել’ խորհուրդ տալով քաղաքական գործիչներին խուսափել Արցախ այցելությունից:
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ, Նոր Հարավային Ուելսի պատգամավոր Ֆրեդերիկ Նայլն այդ կապակցությամբ նշել է, որ իրենց պատվիրակությունը քննարկման չի դրել ԱԳ նախարարության հայտարարությունը, քանզի այն կարող էր հետ պահել իրենց ճանապարհորդությունից:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ավստրալական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել հուլիսի 12-ին: Արցախ կատարած ճանապարհորդությունից հետո հուլիսի 18-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ֆրեդերիկ Նայլն ադրբեջանական իշխանություններին կոչ էր արել չխոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը և հարգել Արցախի ժողովրդի ազատ և ապահով տեղաշարժման իրավունքը: Բարձրաստիճան հյուրերը մեծ տպավորություններով և Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելու պատրաստակամությամբ էին վերադրձել Արցախից: «Մենք ապրում ենք մի դարաշրջ անում, ուր հարգվում են մարդկանց ազատ ինքնորոշման իրավունքները. Արցախի ժողովրդի պարագայում ևս որևէ տարբերություն չպետք է լինի»,- հայտնել է խորհրդարանական Դևիդ Քլայքը, ով հատկապես տպավորված էր Արցախի ժողովրդի ցուցաբերած տոկունությամբ և քաջությամբ:
2012 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունել է բանաձեւ, որով «ճանաչել է Արցախի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում