Արցախը կոչ է անում խոչընդոտել ՄԱԿ-ի ամբիոնը քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը և օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն: Այդ մասին ասված է Արցախի արտգործնախարարության օգոստոսի 30-ին տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված 2013թ.-ի հուլիսի 19-ի նամակը (տարածվել է ՄԱԿ-ում ս.թ. օգոստոսի 13-ին А/67/952-S/2013/478 գրությամբ) Արդբեջանի այդպիսի քաղաքականության ակնհայտ դրսևորումն է: «Այս անգամ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը նշել է, որ տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում Արցախի տարածքում:
«Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում և ընտրովի է մեկնաբանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ Արցախ երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»:
Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են Արցախի իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները: Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը հրաժարվել է և մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Արցախի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ: Հատկապես տագնապալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով»,- նշված է Արցախի ԱԳՆ-ն հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում