Թուրքիայում հայ ընտանիքը պայքարում է իրեն պատկանող տարածքի սեփականության իրավունքը վերականգնելու համար
Նմանատիպ
Ծագումով հայ երեք եղբայրներ դիմել են Սվազի 2-րդ առաջին աստիճանի դատարան’ պահանջելով վերականգնել իրենց նախնիներին պատկանող տարածքի սեփականության իրավունքը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, եղբայրները պնդում են, որ Սվազի Համուրքեսեն կոչված տարածքը պատկանում է իրենց նախնիներին, որն ապօրինաբար խլվել է իրենցից: Ծագումով հայ եղբայրները կրում են Համուրքեսեն ազգանունը:
Եղբայրների փաստաբան Հիքմեթ Գյունգորը լրագրողներին ասել է, որ ներկայում 20 մլն լիրա արժողությամբ 46 հա տարածքը վերադարձնելու հարցով նրանք իրեն դիմել են դեռեւս 2000 թ.-ին, սակայն, գտնելով, որ 1870թ.-ին խլված հողատարածքը հետ վերադարձնել տեսականորեն անհնարին է, ոչ մի քայլ չի արել: Եղբայրները մինչ այժմ թաքցրել են իրենց ծագումը’ անվտանգության նկատառումներով:
«Վերջերս նրանք եկան ինձ մոտ Սվազի քարտեզով, որի վրա նրանց ազգանվամբ տարածք կար նշված: Կադաստրային վարչությունում փաստաթղթեր հայտնաբերեցի, որոնցում հաստատվում էր, որ այդ տարածքը պատկանել է Համուրքեսեններին: Սակայն, այն պետականացվել էր’ սեփականատերերի անհայտ կորած լինելու պատճառով»,- նշել է փաստաբանը:
Նրա խոսքով’ այժմ դատարանը եղբայրներից փաստաթղթեր է պահանջում սեփականության իրավունքի, զինծառայության եւ նախնիների գերեզմանների մասին: «Նրանց նախնիների մահվան եւ գերեզմանների գտնվելու մասին փաստաթղթեր անհնար է գտնել 1915թ.-ին տեղահանության ժամանակ հայերի գերեզմանատների քանդվելու պատճառով», – ասել է փաստաբանը եւ հավելել, որ շարունակելու են սեփականությունը իրական տերերին վերադարձնելու համար պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում