Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: ՀՀ կառավարության նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների հիշատակը:
«Ինչպես գիտեք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը սրվել է: Արցախի ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, 2-ը՝ զոհվել: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վիրավոր զինվորներին մաղթեց շուտափույթ ապաքինում:
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում