ՄԱԿ-ի տեսուչներն ապացույցներով «զինված» հեռացել են Սիրիայից
Նմանատիպ
Անվտանգության խորհրդի տեսուչներն օգոստոսի 31-ին հեռացել են Սիրիայից’ իրենց հետ տանելով քիմիական զենքի հարձակումից տուժած տարածքներից հավաքված ապացույցները և վկայությունները: Մինչ նախագահ Բարաք Օբաման նախապատրաստվում է սահմանափակ հարված հասցնել սիրիական ռազմական համակարգերին, ԱՄՆ-ի’ ՆԱՏՕ-ի գծով շատ դաշնակիցներ, ինչպես նաև ներպետական և օտարերկրյա փորձագետներ հորդորում են նախքան որոշում կայացնելը սպասել ՄԱԿ-ի եզրակացությանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի տեսուչները զեկույցը կներկայացնեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ով իր հերթին հայտարարել է, որ արդյունքները կներկայացնի Անվտանգության խորհրդին, սակայն ցանկանում է սպասել վերջնական եզրակացությանը:
Ըստ ՄԱԿ-ի օգոստոսի 30-ի հայտարարության’ զեկույցը պատրաստ կլինի անալիզների արդյունքների վերլուծությունից հետո. կոնկրետ ժամկետներ դեռևս չեն սահմանվել, սակայն կձեռնարկվեն բոլոր քայլերը գործընթացն արագացնելու նպատակով: CNN-ի հաղորդմամբ’ դա կարող է տևել մինչև մեկ շաբաթ:
Օբաման հայտարարել է, որ «հոգնել է պատերազմներից», սակայն վճռական է իր որոշման մեջ պատասխանատվության ենթարկելու Սիրիային սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու համար: Նրա վարչակազմը հայտարարել է, որ վստահ է’ սիրիական կառավարության’ թունավոր գազի բազմաթիվ հարձակումներից սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Սիրիական կառավարությունը պնդում է, որ ջիհադի համար կռվող ապստամբ-ծայրահեղականները օգոստոսի 21-ին քիմիական զենքի հարձակումներ են արել’ միջազգային հանրությանը սիրիական իշխանությունների դեմ հանելու համար: ԱԳ նախարար Ուալիդ Մոալեմը հայտնել է, որ քիմիական զենք պարունակող հրթիռներն ընկել են սիրիական զորքերի կողմից վերհսկվող տարածքներում: «Ինչո՞ւ պետք է կառավարությունը թունավորեր սեփական զինվորներին»,- հռետորական հարց է ուղղել նա:
Հակառակ դրան’ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ներկայացնելով հետախուզական վարչության ուսումնասիրությունները, հայտարարել է. «Մենք գիտենք, որ հրթիռներն արձակվել են կառավարության կողմից վերահսկվող տարածքներից’ ընկնելով միայն ընդդիմության կողմից վերահսկվող կամ վիճարկելի թաղամասերում»:
Բրիտանական հետախուզական վարչության տվյալներով’ հարձակումների արդյունքում սպանվել է ավելի քան 350 մարդ: ԱՄՆ-ի զեկույցի համաձայն’ չորս հարձակումների արդյունքում սպանվածների թիվը 1429 է, որոնցից 400-ը, Ջոն Քերիի պնդմամբ, երեխաներ են:
ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը օգոստոսի 30-ին հայտնել է, որ ժամանակի ընթացքում ՄԱԿ-ի տեսուչները ստիպված կլինեն քիմիական զենքի հետ կապված հետաքննություն անցկացնել երեք այլ վայրերում ևս’ սիրիական իշխանությունների եւ ՄԱԿ-ի քարտուղարության օգոստոսի 13-ի պայմանավորվածության համաձայն: Այդ առաքելությամբ կրկին Սիրիա վերդառնալու ժամկետը դեռ հայտնի չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում