Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, Times․am: 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։
Գործը 7 տարի է` դատարանում քննվում է, այդ ընթացքում մի քանի դատավոր ու դատախազ է փոխվել, այժմ նախագահող դատավորը Մեսրոպ Մակյանն է։
Ամբաստանյալներից Նելլի Մինասյանը «Հրապարակ»-ին ասաց, որ գործով անցնող 20 ամբաստանյալի համար դատախազը պահանջել է ազատազրկում` 10-16 տարի ժամկետով.
«Ինձ համար դատախազը պահանջել է 10 տարի ազատազրկում։ Այսքան տարի դատ անեն, գան, ասեն 10 տարի ազատազրկում եմ պահանջում։ Սահմանադրական դատարանը մեր հոդվածը հանել է, բայց իրենք թողել են»։
Ըստ Նելլի Մինասյանի` ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ ԱԱԾ-ում իրենց բռնության են ենթարկել` փորձելով ինչ-որ բաներ կորզել։
Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար դատախազը պահանջել է 16 տարի ազատազրկում, իսկ Վահան Շիրխանյանի համար` 13 տարի ազատազրկում։
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող պատժի խստության հարց քննարկել, քանի որ իր պաշտպանյալն ասում է, որ ինքը անմեղ է.«Ինչ վերաբերում է մեղադրող դատախազի ճառին, ապա ես չտեսա ոչ մի տող, որտեղ պատճառաբանված կլիներ այս կամ այն ամբաստանյալի պատժի վերաբերյալ միջնորդությունը, չտեսա, թե դատախազը ինչ հանգամանքներ է հաշվի առել»:
Ինչ վերաբերում է Շիրխանյանի առողջական վիճակին` ասաց, որ այն շարունակում է մնալ ոչ բարվոք։
Հիշեցնենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները նպատակ են ունեցել իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրել ու կամ բռնություն գործադրելու սպռանալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձիք բացահայտվել ու 2015թ-ի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում