«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, Times․am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում գործող՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ տնօրենը հրաժարվում է մեկնաբանություն տալ։
NEWS.am-ը այսօր փորձել է կապ հաստատել տնօրեն Իրինա Մադաթովայի հետ, որի հարազատները տեղեկացրին, որ նա հոգեբանական ծանր վիճակում է, մեկնաբանություններ չի ցանկանում տալ։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնը գործում է նախկին՝ «Երեւանի պահածոների գործարանի» տարածքում։ Տարածքը տնօրինում է «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ–ն։ Տարածքի սեփականատերը ԳԽ առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ Ռազմիկ Զախարյանն է։ Նա ծնվել է 1936 թվականին, որպես նրա բնակության հասցե՝ նշվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկը։ Ռազմիկ Զախարյանը տնտեսագետի որակավորում ունի, որը ստացել է Երեւանի պետական համալսարանից, ավարտել է նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Եղել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցություն անդամ, զբաղեցրել Կամոյի մսի գործարանի տնօրենի պաշտոնը, ընտրվել Կամոյի շրջանային խորհրդի պատգամավոր։ Ռազմիկ Զախարյանն աշխատել է որպես Երեւանի պահածոների գործարանի տնօրեն։
«Երեւանի պահածոների գործարան» ընկերությունում նախորդ տարի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել եւ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել՝ կապված հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ։ Ընկերությանը խախտումները վերացնելու կարգադրագիր էր ներկայացվել։ Տեսչական մարմնից հայտնել են նաեւ, որ տարածքի սեփականատերը այն ժամանակ բանավոր խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը՝ հաշվի առնելով, որ առեւտրի տաղավարները մեծ թիվ են կազմում եւ դրանք հիմնականում վարձակալությամբ են տրված։ Մեկ տարվա ընթացքում, սակայն, վերստուգում չէր իրականացվել։ Տեսչական մարմնից պատճառաբանել էին, որ աշխատում են ծանրաբեռնված եւ ընկերության վերստուգման հերթը աշնանն էր հասնելու։
Օգոստոսի 14-ի պայթյունից շուրջ մեկ տարի առաջ էլ՝ 2021 թվականի ապրիլին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տաղավարներ էին հրդեհվել։ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը քննչական կոմիտեն ստացել է միայն մեկ ամիս առաջ։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները։ Օրաթերթի տեղեկություններով՝ այդ գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն՝ դառնալով քավության նոխազներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առեւտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում