ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, Times․am: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով եկել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը և շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով համահեղինակն է այդ նախագծի, և ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված: Ի պատասխան լրագրողների հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում արդեն իսկ շատ մեծ ռիսկ է: Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի:
«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները: Մի կողմից խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետևանքի կարող է բերել»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում