Նազիկ Հարությունյան. Ես այսօր պաշտոնապես ու հանգիստ կարող եմ ասել, որ ECER 2022 համաժողովը կայացավ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: ԵՊՀ հանդիսությունների դահլիճում աշխատանքներն ավարտեց ECER 2022 համաժողովը. Փակման հանդիսավոր արարողությունը կայացավ երեկ երեկոյան։
«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է կյանքի կոչել այս հեղինակավոր համաժողովը: Չորս օրերի ընթացքում 40 բաժանմունքներում տեղի են ունեցել աշխատաժողովներ, պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատմանն ուղղված փակ նախաձեռնություններ»,-ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու EERA-ի նախագահին հանձնեց արծաթե մեդալ:
Լավագույն ելույթներն ու ազդագրերը ներկայացրած հետազոտողներին տարբեր անվանակարգերում հավաստագրեր հանձնվեցին: Հավաստագրեր հանձնվեցին նաև համաժողովի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած կամավորներին:
«Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»,-ասաց Հովհաննիսյանը։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, ամփոփելով համաժողովի աշխատանքները, ասաց՝ նախապատրաստվել են անցած չորս տարիների ընթացքում, առավել ինտենսիվ՝ անցած տարվա հոկտեմբերից։
«Իրազեկման-տեղեկատվական փուլն էր։ Մենք նամակներ, գրություններ ուղարկել ենք տարբեր բուհերի, հետաոտական կենտրոնների։ Երկրորդ փուլն արդեն հայտերի ընդունումն էր՝ 2237 հայտ ենք ստացել, ապա փորձագիտական աշխատանքների արդյունքում ընտրվել են 800-ը։ Պատկերացնո՞ւմ եք, 800 մասնակիցն էլ եկել են Հայաստան։ Անկեղծ ասած՝ ես չէի սպասում։ 800 մասնակցից 200-ը սկսնակ հետազոտողներ են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորը։
Համաժողովի բացման ու փակման հանդիսավոր արարողությունների արանքում եղել են բուռն քննարկումներ՝ դրական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
«Դրանց արդյունքում ծագել են նոր մտքեր, գաղափարներ։ Առկա խնդիրների քննարկումներին հետևել են դրանց լուծումներ առաջարկելը։ Մենք անընդհատ հետաքրքրվում էինք, թե սկսնակ, թե որձառու մասնագետներից՝ ի՞նչ տվեցին քննարկումները, ինչպե՞ս էր համաժողովը։ Չի եղել գեթ մի մասնակից, որ ասի, գիտեք, եկանք, ոչինչ չհասկացանք, բոլորն ասում են, քննարկումներին ակտիվ մասնակցել ենք։ Գիտեք աննախադեպ երևույթ է, մեկտեղվել են 50 պետությունների սկսնակ ու փորձառու կրթական հետազոտողներ ու քննարկում են խնդիրներ։ Ես այսօր պաշտոնապես ու հանգիստ կարող եմ ասել, որ ECER 2022 համաժողովը կայացավ. Մասնակցությունը բարձր էր, մարդկանց կարծիքները՝ դրական, արդյունքները՝ ակնհայտ։ Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել»,-նշեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը։
Նա շնորհակալություն է հայտնել EERA-ին նման հնարավարություն ԵՊՀ-ին ընձեռնելու համար։ Չնայած կազմակերպիչը եղել է կենտրոնը, սակայն մեծամաշտաբ համաժողովի կազմակերպման գործի աշխատանքին լծված են եղել ԵՊՀ ղեկավարությունը, ֆակուլտետները, դեկաները, յոթ տասնյակ կամավորներ, որոնք ահռելի աշխատանք են կատարել։
«Կամավորները ԵՊՀ ուսանողներ են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դեկաներին նման լավ ուսանողների համար, որոնք մեծ նվիրումով էին անում իրենց վստահված աշխատանքը։ Հուսով եմ սա լավ ավանդույթ կդառնա»,-ասաց Հարությունյանը։
ԵՊՀ դոցենտ, ECER 2022 համաժողովի կոորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն իր խոսքում նշեց՝ համաժողովի փակումը վերջը չէ, և ամեն վերջ նորի սկիզբ է։
«Կարող եմ վստահորեն փաստել, որ ECER-ը հասավ իր կարևոր նպատակներից մեկին, այն է՝ նպաստել հայ-եվրոպական հետազոտական հանրույթի ձևավորմանը և հետազոտողների միջև կամրջի ստեղծմանը։ Մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրեցինք, պարեցինք, երգեր լսեցին, բացահայտեցինք մեր մշակույթը։ Մեր խորհրդանիշերից մեկը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» ստեղծագործությունն է, մյուսը երաժշտական գործիքն է՝ դուդուկը, որը պատրաստված է ծիրանենու փայտից»,-ասաց Ալեքսանյանն ու գործիքը հանձնեց համաժողովը հաջորդ հյուրընկալող երկրի ներկայացուցչին։
Հաջորդ տարի համաժողովը կանցկակացվի Շոտլանդիայի ամենամեծ բուհում՝ Գլազգոյի համալսարանում։
Կարևորելով կամավորների դերը համաժողովի կազմակերպման գործում՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծել է. «Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»:
EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ներկայացնելով համաժողովից ստացած տպավորությունները, նշեց. «Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառումը հրաշալի էր։ Այստեղ բոլորն աներևակայելի հյուրընկալ էին՝ սկսած աջակցող անձնակազմից մինչև պրոֆեսորադասախոսական անձնակազմ և ուսանողներ: Համաժողովի իրականացման վայրը հիանալի էր․ ԵՊՀ-ն հրաշալի համալսարան է, քանի որ այստեղ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիտակրթական միջոցառումների կազմակերպման համար։ Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ մեր համաժողովը հրաշալի ընթացք ունեցավ: Մենք բարձր ենք գնահատում համաժողովի կազմակերպվածությունը, ինչը մեծապես պայմանավորված էր ԵՊՀ-ի ապահոված որակով»:
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում