39-ամյա տղամարդը փայտով և քարով սպանել է համագյուղացուն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 39-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Այգեձոր համայնքի վերոնշյալ բնակիչները գումարային և անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել: 2021 թվականի հոկտեմբերի 13-ին 39-ամյա տղամարդը համագյուղացու հրավերով գնացել է նրա տուն, որտեղից վերջինիս առաջարկով նրան պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Բերդ քաղաքի ուղղությամբ։ Անցնելով նշված քաղաքը և հասնելով Վազաշեն գյուղին հարակից տարածք՝ համագյուղացին մեքենայով դուրս է եկել գլխավոր ճանապարհից, մոտ 30 մետր վարել անտառամիջյան ճանապարհով և կանգնել: Այնուհետև վերջինիս հրահանգով ճանապարհը ոտքով շարունակելու ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ կրկին վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ 39-ամյա տղամարդը փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում