Կառավարությունն առաջիկայում աճուրդի կհանի 654 ավտոմեքենա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Պետական կառավարման մարմիններում կուտակված և չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան, ներկայացնելով որոշման նախագիծը:
«Նախնական, ենթադրվում է, որ մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,– հավելեց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ կվաճառվեն, ինչին արձագանքեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ով համոզմունք հայտնեց, որ կվաճառվեն, թե ինչ գնով՝ դա է հարցը:
«Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի այնքան իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի մետաղի ջարդոն են, հնարավոր լինի օտարել»,– ասաց նա։
Ավետիսյանը հավելեց, որ օտարվող մեքենաների մեջ կան ուղղակի վերանորոգման կարիք ունեցող մեքենաներ, որոնք հետո հնարավոր է շահագործել։
«Բայց պետությունը դրանք պահպանելու համար մեծ ծախսեր է կատարում, ուստի նպատակահարմար չէ դրանք պետության հաշվեկշռում պահելը»,- եզրափակեց Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում