«Արծվաբերդ» օպերան այսօր կներկայացվի Շուշիում

Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում սեպտեմբերի 1-ին տեղի կունենա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան: Նախագծի բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը’Սարինա Ավթանդիլյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» կամերային երգչախումբը, Արցախի մի շարք երգչախմբեր և հայտնի մենակատարներ Արցախի անկախության օրվա առիթով ներկայացնելով «Արծվաբերդ» օպերան՝ նվեր կմատուցեն արցախցիներին:

«Հսկայական միջոցառում է սպասվում, ամեն ինչ հրաշալի է կազմակերպված: Ուրախ եմ, որ հիմա գտնվում ենք Շուշիում և առիթ ունենք մասնակցել«Արծվաբերդ» օպերայի պրեմիերային: Միշտ ցանկացել եմ, որ մենք Արցախում համերգներով հանդես գանք: Երբեմն այստեղ համերգներ ենք ունենում, բայց, ցավոք, հաճախ չի հաջողվում Արցախում ելույթ ունենալ: Կարծում եմ, որ բնակիչներն անհամբերությամբ են սպասում միջոցառմանը. կազմակերպիչներն ասում են, որ հսկայական հետաքրքրություն է առկա: Մենք ամեն օր երկու անգամ փորձ ենք ունենում և քիչ ենք տեղեկացված, թե ինչ է կատարվում բեմի հետևում, բայց ասում են, որ շատ մարդ է մասնակցելու պրեմիերային»,-նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մաեստրոն չի բացառում «Արծվաբերդ»-ը Հայաստանում ներկայացնելու հնարավորությունը, սակայն շեշտում է, որ բեմադրության համար անհրաժեշտ են դեկորացիաներ, քանի որ Շուշիի ուսումնարանի քանդված շենքն է հանդես գալիս դեկորացիայի դերում, որն էլ հենց իր գեղեցկությամբ Արծվաբերդն է հիշեցնում: Միջոցառումը կանցկացվի է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

«Արծվաբերդ» օպերան Անդրեյ Բաբաևը գրել է 1957թ.-ին: Այն առաջին անգամ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1957թ.-ի նոյեմբերի 3-ին: «Արծվաբերդն»’ իր ազգային ոգով ու հարուստ մեղեդայնությամբ, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է դարձել և տարիներ շարունակ մնացել Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի խաղացանկում, բեմադրվել նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Արցախում «Արծվաբերդ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային նշանակալից իրադարձություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում