Նոր օդանավակայանը հեշտացնելու է ադրբեջանական զորքերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՀՀ սահմանով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկատվության՝ այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը։
Հատկանշական է, որ այդ օդանավակայանը գտնվում է ՀՀ պետական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 30 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ակնհայտ է, որ նոր օդանավակայանի շահագործումը ավելի է դյուրացնելու ադրբեջանական զորքերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՀՀ հարավ-արևելյան սահմանի երկայնքով, միաժամանակ էականորեն ավելացնելու է այդ տարածաշրջանում ադրբեջանական օդուժի՝ այդ թվում ԱԹՍ-ների շարժունակությունը:
Միևնույն ժամանակ Կովսականի օդանավակայանի շահագործումը Ադրբեջանին հնարավորություն կտա արագացնել իրենց կողմից հորջորջված, այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» բնակեցումը, ինչը լի է անվտանգային և ժողովրդագրական սպառնալիքներիով ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի մարզի համար, հատկապես եթե այն դիտարկենք «ճանապարհների ապաշրջափակման» վտանգավոր գործընթացի համատեքստում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում