ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական կողմը, Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում