Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ:
Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 14։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2006 թ.), Ա. Բ-ն (ծնված 2009 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2014 թ.) և Է. Ս.-ն (ծնված 2016 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում