Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև․ Էդմոն Մարուքյանը՝ Տոյվո Կլաարին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին թվիթերյան գրառմանը։
«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ այսօր մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար:
Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ:
Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել):
Ավելին, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում:
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև», – գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում