Ադրբեջանում Իսրայելի դեմ ջիհադ սկելու կոչեր են հնչել
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի գործադիր ղեկավար, EL դեմոկրատական շարժման ղեկավար Էլդար Նամազովի նախկին տեղակալ, նորաստեղծ «այլընտրանքային EL շարժման» առաջնորդ Աֆլան Իբրահիմովը, ով համարվում է իշխանության կողմից դրածո անձ, եւ խորհրդի ու EL շարժման դեմ հանդես է եկել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքներով, ինքն է բռնությունների կոչ արել հավատացյալներին:
Virtualaz.org-ին տված հարցազրույցում Աֆլան Իբրահիմովն ասել է, որ Էլդար Նամազովն իր հայտարարություններում «սպառնացել» է պետությանը եւ հայտարարել, թե եթե Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումներ չկատարվեն, երկրի կայունությունը կխախտվի: «Նրանք ուզում են քաոս ստեղծել երկրում եւ հեղաշրջում կատարել», -հայտարարել է նա:
Contact.az-ը հայտնում է, որ «Ազգային խորհուրդը» մի տեսանյութ է տարածել, որում Աֆլան Իբրահիմովը Ռամազան տոնի հետ կապված ելույթներից մեկում մահմեդականներին ահաբեկչության եւ Իսրայելի դեմ ջիհադի կոչ է հնչեցրել:
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սադրիչ տարրերի կեղծ վկայությունների հիման վրա ժամերով հարցաքննում է դեմոկրատական ճամբարի առաջնորդներին, իշխանությունների կողմից նման ակնհայտ հանցավոր գործողությունների անտեսումը քաղաքական պատվերի ակնառու ապացույց է», -ասվում է ընդդիմության հայտարարության մեջ: Տեսանյութն ուղարկվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Եվրոպայի երկրների դեսպանատներին:
Տեսանյութում Իբրահիմովը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ լուծել ոչ ռազմական, ոչ էլ խաղաղ ճանապարհով: Խնդրի լուծման ուղին, ըստ նրա, Աֆղանստանում հավատքի գծով եղբայրների օրինակով ահաբեկչական գործունեության մեջ է: Դրա հետ միասին, Իբրահիմովը ի ցույց է դնում Աֆղանստանում կրոնի դրոշի ներքո մոջահեդների հաջող պայքարը, որոնք, ինչպես նա գտնում է, հաղթում են ՆԱՏՕ-ին: Նա նաեւ նշում է հավատքի գծով իր եղբայրներին ճնշող Իսրայելի դեմ ջիհադի անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում