Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», – նշեց նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել:
«Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում որևէ ձևով թիրախավորել մեր տղաներին», – նշեց Գրիգորյանը:
Նա ասաց, թե Ադրբեջանի ՄԻՊ-ն իր հետ կապի դուրս չի գալիս:
«Ինքս եմ գրել ու խնդրել տեղեկություններ, կոչ եմ արել, որ, որպես ՄԻՊ, պետք է կարողանանք մեր մանդատները ծառայեցնել մարդկանց, ցավոք, ադրբեջանցի կոլեգայից արձագանք չունեմ», – մանրամասնեց ՄԻՊ-ը:
Գրիգորյանն ընդգծեց՝ գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին։ «Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի», – հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում