Սեպտեմբերյան բախման հետևանքով Ադրբեջանի կողմից դեռ չհաստատված հայ գերիներ կան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: Ադրբեջանի զինուժի սեպտեմբերյան հարձակման հետևանքով գերեվարված ու ադրբեջանական իշխանությունների կողմից գերությունը հաստատված 17 հայ զինծառայողներից բոլորն էլ հայրենադարձվել են Հայաստան։ Այս մասին 24News-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Սեպտեմբերյան բախումներից անմիջապես հետո հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել միջանկյալ միջոց կիրառել գերեվարված հայ զինծառայողների մասով։ Բացի այդ, բողոք էր ներկայացվել 1 սպանված հայ գերու, տեղահանված անձանց իրավունքների հարցերով։
Սամվելյանն ասաց, որ 17 գերու հաստատված տվյալները նույնական են «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ունեցած տվյալների հետ։
Դեռևս հայտնի չէ, թե սեպտեմբերյան հարձակման հետեւանքով բախման վայրերում, ադրբեջանական կողմում քանի զինծառայողի մարմին կա, պաշտոնական Բաքուն դեռեւս համաձայնության չի տալիս հայկական կողմից որոնողական աշխատանքներ իրականացնել իր կողմից դիտարկվող ու վերահսկվող տարածքներում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին ասաց, որ փաստեր կան դեռևս ադրբեջանական իշխանությունների կողմից չհաստատված գերիների մասին։
Սակայն Զեյնալյանը թիվ չասաց՝ նշելով, որ դեռևս տվյալներն ամբողջացման փուլում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում