ԱՄՆ կոնգրեսականները Արցախի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել են Բակո Սահակյանին
Նմանատիպ
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը շնորհավորական նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին’ Արցախի անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, համանախագահները բարձր են գնահատել ԼՂՀ կառավարության և ժողովրդի հանձնառությունը ազատ, անկախ և ժողովրդավար երկրի կառուցման գործում’ խոստանալով շարունակել իրենց ջանքերը ԼՂՀ միջազգային ճանաչման գործում:
Շնորհավորական նամակում մասնավորապես նշվում է.
«Հարգելի նախագահ Սահակյան,
Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ’ մենք շնորհավորում ենք Ձեզ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին’ անկախության սեպտեմբերի 2-ին լրանալիիք 22- րդ տարեդարձի կապակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը 1991 թվականին վկայությունն էր անկախության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների:
Տարիների ընթացքում դուք վերջ տվեցիք տասնամյակներ տևած խորհրդային ճնշումներին և խտրականություններին’ հաղթանակ տանելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմում:
Ձեր կառավարությունը տոկուն է եղել, և գովելի է ձեր շարունակական նվիրվածությունը ժողովրդավարությանը: Մենք գնահատում ենք ձեր ժողովրուրդն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, ինչը վկայվել է միջազգային դիտորդների կողմից:
Ինչպես դուք, մենք նույնպես հույս ունենք, որ հակամարտության կարգավորման խաղաղ լուծում կգնտվի, և խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից զինադադարի շարունակական խախտումներով: Մենք գնահատում ենք Ձեր կառուցողական մոտեցումը նման ագրեսիայի դեմ և տարածաշրջանում կայունության հաստատման հարցում ցուցաբերած անսասան հանձնառությունը:
Մենք պատրաստ ենք շարունակելու մեր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ձեր ժողովրդին և ժողովրդավարության հաստատման ձգտումներին: Մենք պաշտպանում ենք Արցախի’ միջազգային ճանաչում ստանալուն ուղղված ջանքերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում