Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը երբեք չի խախտվի
Նմանատիպ
Վերջին երեք տարիների ընթացքում Հայկական զինուժն այնքան սպառազինություն է ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում զինվորների հետ զրույցում’ անդրադառնալով ադրբեջանական կողմի սպառազինման մասին հարցին’հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել. մենք երբեք թույլ չենք տալու, որ ուժերի հավասարակշությունը խախտվի: ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է: Մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, ՀՀ վարչապետը նշեց, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են’ նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը: Սարգսյանն ընդգծեց, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն զինվորների կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է նրանք պահպանեն: Վարչապետն ընդգծեց, որ հայկական երկու հանրապետությունների իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ամրապնդեն այն հաղթանակները, որոնք արձանագրվել են ԼՂՀ-ն ձևավորելու ճանապարհին:
Տիգրան Սարգսյանն այցելեց նաև նիկոլ Դումանի տուն-թանգարան, շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացված նմուշներին: ՀՀ վարչապետին ուղեկցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վարչապետը տուն-թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ նշեց. «Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներդրել են իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել և թողնել մեր հետագա սերունդներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում