Աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը
![Աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2022/10/e6186d22f82d1fee8275d03b43b96295.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև կուսակցության նոր ղեկավար կազմի ընտրության և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Սի Ծինփինի վերընտրության կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ չին ժողովուրդը կշարունակի համընդհանուր բարեկեցությամբ պետություն կառուցելու և «Չինական երազանքը» կյանքի կոչելու փառավոր պատմությունը:
Միջազգային հարաբերություններում աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը նոր խթան կհաղորդի միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։
ՀՀ երրորդ նախագահը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և ամբողջ չին ողջ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարգավաճում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում