Տարբեր ուժեր բացահայտ դրդում են ՀՀ-ին հրաժարվել ՌԴ-ից. Սամվել Կարապետյան

Տարբեր ուժեր բացահայտ դրդում են ՀՀ-ին հրաժարվել ՌԴ-ից. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

«Անհնար է անտեսել տագնապալի ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին թափ են հավաքում Հայաստանում: Այսօր տարբեր ուժեր բացահայտորեն Հայաստանին մղում են դեպի Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման: Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումներ, որոնք կարող է անխուսափելիորեն հանգեցնել ծանր հետևանքների թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար։

Այս առումով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս շատ ծանր ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն, որը կտա անվտանգության ամուր երաշխիքներ և թույլ չի տա Արցախի կորուստը։

Հնարավոր չէ հաշվի չառնել, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրները միավորված են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապերով։ Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարելը և հայկական Արցախը փրկել աշխարհի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում