Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցով:

«Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին՝ ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր շ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ ՌԴ առաջնորդը կաջակցի, որպեսզի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման արդյունքներով հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում հղում արվի այդ փաստաթղթին:

«Հայաստանն այդ առաջարկն արել է, սակայն մինչ այս պահը մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը կպաշտպանի այդ առաջարկը: Դա ոչ մի կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին: Ընդ որում, Պրահայի բանակցությունների ժամանակ ես կենտրոնացել եմ Լեռնային Ղարաբաղի հարցով Ձեր՝ նաև հրապարակային արված հայտարարությունների վրա »,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում