Վարդենիսում հիմնվել է ԱԹՍ-ների կրթական աշխատանոց
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավագ դպրոցում բացվել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը։
ԱԹՍ աշխատանոցը հիմնվել է «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), VMware ընկերության աշխատակիցների և համայնքի բնակիչների ջանքերով։
Աշխատանոցն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Մարտական ծառայության» մեդալակիր Խաչիկ Պողոսյանի անունով։
Բացման արարողությունը մեկնարկեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում գործող ԱԹՍ աշխատանոցի սաների նախագծած ԱԹՍ-ների թռիչքով։ Այնուհետև ավագ դպրոցի սաների նախաձեռնած միջոցառմանը իրենց խոսքով հանդես եկան միջոցառման հյուրերը, տեղի ունեցան ելույթներ աշակերտների կողմից, ցուցադրվեցին անօդաչու թռչող սարքեր։
«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցները նախատեսված են 14-18 տարեկան պատանիների համար։ Դրանցում նրանք հնարավորություն ունեն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։
Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։
Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այժմ Հայաստանի 8 մարզերում գործում է 11 ԱԹՍ կրթական աշխատանոցներ
Մինչ 2022 թվականի ավարտը ԱԹՍ աշխատանոցներ կներդրվեն նաև Մարտակերտում և Արտաշատում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում