Նոր պատերազմի վտանգ մեր տարածաշրջանում

Նոր պատերազմի վտանգ մեր տարածաշրջանում

Վերջին օրերին արևմտյան մամուլը շարունակ տեղեկություններ է տարածում այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է հարձակում գործել Սաուդյան Արաբիայի և Իրաքի Քրդիստանի վրա։

Այդ տեղեկությունների աղբյուրը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ հատուկ ծառայություններն են։ Վերջիններս պնդում են, որ իրանական կողմը հարձակումը նախապատրաստող բավական մեծ աշխատանք է տարել արդեն։

Նոր պատերազմի տագնապը հատկապես մեծացավ այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները վրեժի կարմիր դրոշ բարձրացրեցին Կում քաղաքի՝ շիա մահմեդականների համար սուրբ Ջամքարան մզկիթի գմբեթի վրա։ Նման դրոշ Իրանը բարձրացնում է միայն պատերազմական իրավիճակների ժամանակ։ Վերջին անգամ Իրանում կարմիր դրոշ էր բարձրացվել 2020թ. հունվարին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հերքում է Սաուդյան Արաբիայի վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքները։ «Իրանը հավատարիմ է բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականությանը, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և ձգտում է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։

Միևնույն ժամանակ իրանական կողմը չի մանրամասնում, թե ինչու է կարմիր դրոշ բարձրացվել Ջամքարան մզկիթի գմբեթի վրա։ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտնում են, որ վերջերս Թեհրանը մեղադրել է իրենց՝ ԱՄՆ և Իսրայելի հետ համագործակցությամբ Իրանում ժողովրդական խժդժությունների ալիք բարձրացնելու և հակակառավակարան ցույցերին օժանդակելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում