Լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը տրված է․ տնկվել է 20 000 ծառ
Նմանատիպ
Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը իրականացնում են անտառապատման թիրախավորված ծրագիր։
Աշնանային անտառտնկման աշխատանքների ընթացքում 20 000 ծառ է տնկվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածում։
«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարևոր է եղել ինձ համար նաև հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու համար, պետք է լինենք ոչ միայն սպառող, այլև անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետևողական և նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր՝ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաև մեր բաժանորդներին, ովքեր գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը և իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության համար: Անտառ ստեղծելու կարևորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարևոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլև ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-գալիս է անտառից: Այստեղից կարելի է հստակ եզրակացություն անել: Բարեբախտաբար, Հայաստանում սկսել է ձևավորվել «կանաչ մտածողությունը», բայց դեռ ցանկալի մակարդակի չենք հասել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ անտառը կարևոր է, եթե նույնիսկ, ապրում են քաղաքի մեջ: Աշխարհում կլիմայի փոփոխություն կա և դժվար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում: Հետևաբար՝ որքան շուտ սկսենք կոնկրետ քայլեր իրականացնել, այնքան արդյունքը ավելի իրական կլինի»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:
Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում ընթացիկ տարվա աշնանը 20 000 ծառ տնկելու համար, ներդրել է 12,6 միլիոն դրամ:
Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսականորեն անհրաժեշտ: Հայկական էնդեմիկ ծառերի սերմերից տնկիներ ստանալը, դրանց խնամքով զբաղվելը և անտառ տեղափոխելը՝ երկարաժամկետ արդյունքն ապահովող նպատակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում