Հայոց եռագույնը ծածանվելու է Շուշիում։ Երևանում կայացավ ընդդիմության հանրահավաքը

Հայոց եռագույնը ծածանվելու է Շուշիում։ Երևանում կայացավ ընդդիմության հանրահավաքը

«Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»։ Այս մասին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս ընդդիմության հրավիրած հանրահավաքին մասնակցում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

Խոսելով Արցախի ճակատագրի մասին՝ Սրբազանը նշել է, որ հայկական երկրորդ պետությունն ունի ինքնորոշման իրավունք։ «Այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»։

Հիշեցնենք՝ Երևանում տեղի ունեցած հանրահավաքն աջակցություն էր օրեր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին և Արցախից հնրող պահանջներին։ Ինչպես իր ելույթում նշեց Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը. այս հանրահավաքը սովորական չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է. միասնականություն մեր երկրում, միասնականություն և համերաշխություն Արցախին, սփյուռքին։ Այս հանրահավաքը դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք», – հայտարարեց Սաղաթելյանը։

Իր ելույթում Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է նաև ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ սուտ է այս իշխանությունների խոստացած խաղաղությունը. «Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր ու ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու ծրագիր։ Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից մինչև Մոսկվա, Բեյրութից մինչև Լոս Անջելես, Աթենքից մինչև Փարիզ, Սյունիքից մինչև Դամասկոս և Բեյրութ»։

Սաղաթելյանն ասաց, թե ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է.

«Կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով։ Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի», – իր խոսքում ասել է Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքին հետևեց ընդդիմության երթը Երևանի կենտրոնական փողոցներով, որը շարունակվում է մինչ այս պահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում