ՌԴ զինված ուժերը լքում են Խերսոնն ու Դնեպրի ողջ աջափնյակը

ՌԴ զինված ուժերը լքում են Խերսոնն ու Դնեպրի ողջ աջափնյակը

Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը որոշել է Ուկրաինային հանձնել Խերսոն քաղաքն ու Դնեպր գետի ողջ աջ ափը։ Այդ մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից՝ տեղադրելով նաև կադրեր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ խորհրդակցությունից, որի ընթացքում Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինը զեկուցում է, որ այդ քայլը դժվար է, բայց անհրաժեշտ՝ ռուս զինվորների կյանքը փրկելու համար։

Նշենք, որ ցերեկը ռուսական Թելեգրամ ալիքներն արդեն տեղեկացրել էին, որ Ռուսաստանը ետ է քաշում զորքերը դեպի Դնեպրի ձախ ափ։

Սա Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում ուկրաինական կողմի թերևս ամենամեծ ռազմական հաջողությունն է։ Մինչ այդ էլ ուկրաինացիներին հաջողվել էր հետ մղել ռուսական զորքերին Խարկովի մոտակայքից, ինչպես նաև վերագրավել Լիման քաղաքը։

Ռուսական բանակի այս ձախողումն արդեն իսկ քաղաքական հետևանքներ է առաջացրել Ռուսաստանի համար։ Այսպես, արդեն հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու G20-ի գագաթաժողովին։ Փոխարենը, ամենայն հավանականությամբ, գագաթաժողովին ներկա կգտնվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին միջազգային մամուլն արդեն ներկայացնում է որպես հաղթանակող առաջնորդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում