Խերսոնը կրկին Ուկրաինայի կազմում է։ Ի՞նչ է կատարվում Դնեպրի ափին

Խերսոնը կրկին Ուկրաինայի կազմում է։ Ի՞նչ է կատարվում Դնեպրի ափին

Խերսոնի շրջանում տեղակայված ռուսական ողջ զորախումբն անցել է Դնեպր գետը և նոր դիրքեր զբաղեցրել գետի ձախ ափին։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ-ն, գործողությունն ամբողջությամբ ավարտվել է այսօր վաղ առավոտյան։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության, Խերսոնի շրջանից զորքերը դուրս բերելու ընթացքում Ռուսաստանը ոչ մի կորուստ չի ունեցել։ Բոլոր զինծառայողները, ռազմական տեխնիկան ու գույքը ապահով տեղափոխվել են Դնեպրի ձախ ափ, ինչից հետո պայթեցվել է գետի երկու ափերը միմյանց կապող Անտոնովի կամուրջը։

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ ուկրաինական բանակն արդեն մտել է Խերսոն, որտեղ նրանց դիմավորել են քաղաքում մնացած բնակիչները։

Այսպիսով Խերսոնի շուրջ ստեղծված ռազմական թնջուկը, որն ավելի քան մեկ ամիս լարվածության մեջ էր պահում Ուկրաինային ու Ռուսաստանին, հանգուցալուծված է։

Եվ չնայած այն հանգամանքին, որ թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական կողմերը պարբերաբար լուրեր են տարածում Խերսոնից ռուսական զորախմբի դուրս բերման ընթացքում առաջացած դժվարությունների, փոխհրաձգությունների և անգամ բախումների մասին, միևնույն է Ուկրաինայում ընթացող պատերազմին հետևող փորձագիտական շրջանակները ավելի ու ավելի շատ են խոսում ռուսների կողմից Խերսոնը հակառակորդին հանձնելու որոշման տարօրինակության մասին։

Շատերը կասկածում են, որ այդ գործընթացը տեղի է ունեցել ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում և ենթադրում, որ Մոսկվան ու Կիևը հետզհետե պատրաստվում են պատերազմական գործողությունների ավարտին։

Ներկայումս Խերսոնի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ երկու կողմերի հրետանու և հրթիռային համակարգերի ակտիվ կիրառման պատճառով։ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրենք ուկրաինական զորքը մոտ 30-40 կիլոմետր հեռու են պահում Դնեպրի ափերից՝ այդկերպ փորձելով ապահովագրել գետի ձախ ափ անցած ռուսական զորքերի անվտանգությունը։ Ուկրաինացիներն իրենց հերթին ամերիկյան Himars համակարգերով փորձում է խոցել ռուսական ռազմական թիրախները՝ ապահովելու համար Խերսոնի շրջանում սեփական ուժերի արագ տեղակայման գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում