G20-ի գագաթնաժողովը Բալիում։ Ի՞նչ խնդիրներ են քննարկել առաջատար երկրների ղեկավարները

G20-ի գագաթնաժողովը Բալիում։ Ի՞նչ խնդիրներ են քննարկել առաջատար երկրների ղեկավարները

Համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Ինդոնեզիայի Բալի քաղաքում իր աշխատանքներն է սկսել G20-ի գագաթնաժողովը։ Այս տարի միջազգային կարևոր այս իրադարձությունն անց է կացվում Ուկրաինայում շարունակվող պատերազմի լույսի ներքո, ինչը լրացուցիչ լարվածություն է հաղորդում գագաթնաժողովի աշխատանքներին։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն գագաթնաժողովի բացման խոսքում կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և թույլ չտալ , որ աշխարհը ընկնի հերթական սառը պատերազմի մեջ։ Վերջինիս ելույթի ժամանակ դահլիճում էին Ռուսաստանի, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և ուկրաինական հակամարտության մեջ այս կամ այն չափով ներգրավված այլ տերությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեսաուղերձով հանդես է եկել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն իր խոսքում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

Ուկրաինական թեման, ինչպես և սպասելի էր, գերակշռում էր Բալիում անցկացվող G20-ի գագաթնաժողովում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ելույթում հորդորել է լուծել ուկրաինական հակամարտություն դիվանագիտական ճանապարհով։ Միջազգային մամուլի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Հնդկաստանի ղեկավարը Ռուսաստանի և նրա նախագահ Վ. Պուտինի հասցեին որևէ դատապարտող խոսք չի ասել։ Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հնդկաստանի ամենամեծ ռազմական մատակարարն է և երկրի դեղագործական արդյունաբերության չորրորդ շուկան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրել է Ռուսաստանին գազի գների բարձրացման համար և ասել, որ Ռուսաստանը, միտումնավոր առաջացնելով էներգակիրների գների աճ, համաշխարհային էներգետիկ շուկաներում դեֆիցիտ է ստեղծում։

G20-ի առաջնորդների հռչակագրի նախագիծը խստորեն դատապարտում է Ուկրաինայում պատերազմը և ընդգծում, թե ինչպես է այն նպաստում ամբողջ աշխարհում տնտեսական վիճակի սրմանը։

Պարենային և էներգետիկ անվտանգության հարցերով նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ համաշխարհային տնտեսության վերականգման արդյունավետ միջոցը Ուկրայինայի դեմ պատերազմին վերջ տալն է։

Ուկրաինական թեմայից զատ G20-ի առաջնորդները քննարկել են համաշխարհային կլիմայի փոփոխման հետևանքով զարգացող տարածաշրջաններում առաջացած վնասների փոխատուցման հնարավորությունը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր հերթին անդրադարձել է համաշխարհային գնաճի խնդրին՝ նշելով, որ պետք է զսպել գլոբալ գնաճը և լուծել համաշխարհային ֆինանսական շուկայում առաջացած բազում խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում