Նոյեմբերի 18-ի առավոտյան ամենակարևոր նորությունները

Նոյեմբերի 18-ի առավոտյան ամենակարևոր նորությունները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ հանրապետական պատգամավորներ Ուկրաինային հատկացվող միջոցների աուդիտի օրինագիծ են մշակել։ Սպասվում է, որ առաջիկայում այս թեման լինելու է Միացյալ Նահանգների ներքաղաքական քննարկումների կիզակետում։ The Hill պարբերականն արդեն իսկ տեղեկացնում է, որ Պենտագոնը նախօրեին տապալել է իր պատմության մեջ հինգերորդ աուդիտը՝ չկարողանալով հաշվետվություն ներկայացնել իր ակտիվների 60%-ի համար։

*  *  *

Ադրբեջանական մամուլը խիստ քննադատության է ենթարկել Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ալիևին ուղղված պատասխանը։ Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսել Արցախ ուղարկվա «Մոսկվայի բանագնացի» հետ։ Ալիևի այդ հայտարարությանն ի պատասխան Ռ. Վարդանյանը առաջարկել է վերջինիս «անցնել ավելի կառուցողական տոնի»։ «Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը», – հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

* * *

ՄԱԳԱՏԷ-ն նոր հռչակագիր է ընդունել, որտեղ նշված է, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» ստեղծելու հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմակերպությունը նաև կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։

* * *

Կորեայի Ժողովրդական-Դեմոկրատական Հանրապետությունը միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռի նոր փորձարկում է արել։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքերի համաձայն, հրթիռն ընկել է ճապոնական Հոկկայդո կղզուց արևմուտք ընկած ծովի ջրերում։ Վերջինս նաև անընդունելի է համարել Հյուսիսային Կորեայի գործողությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում