Twitter-ում Իլոն Մասկի կողմից գործարկված նոր ծրագրերը միլիարդավոր դոլարների վնաս են պատճառել մեծ կորպորացիաներին
Նմանատիպ
Ընդամենը $7.99-ով Twitter-ում օգտահաշվի իրականությունն հաստատող նշան տրամադրելու Իլոն Մասկի գաղափարը միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել ամերիկյան մեծ կորպորացիաներին։ Մասկի այդ որոշման արդյունքում սոցհարթակում ի հայտ են եկել Twitter-ի հաստատումը ստացած (կապույտ նշան) տարբեր կորպորացիաների բազում կեղծ օգտահաշիվներ, որոնց գրառումները մեծ հարված են հասցրել այդ ընկերությունների շուկայական կապիըալիզացիային։ Այսպես, նախորդ հինգշաբթի ամերիկյան դեղագործական Eli Lilly ընկերության կեղծ օգտահաշիվը գրել է, որ «այսուհետև ինսուլինն անվճար է լինելու»։ Դրանից հետո ինսուլին արտադրող բոլոր դեղագործական ընկերությունների ակցիաների գներն ընկել են 4-5%-ով։
Նոյեմբերի 11-ին պաշտպանական Lockheed Martin կորպորացիայի կեղծ հաշիվ ստեղծած անհայտ օգտատերը գրել է, որ ընկերությունը դադարեցնում է զենք մատակարարել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին՝ այդ երկրներում մարդու իրավունքների խախտման պատճառով։ Դրա արդյունքում կորպորացիայի ակցիաներն անմիջապես ընկել են 5.5%-ով՝ պաշտպանական ոլորտի այդ ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազեցնելով ավելի քան 7 մլրդ դոլարով։ Էժանացել են նաև այլ պաշտպանական ընկերությունների, օրինակ Raytheon-ի և General Dynamics-ի ակցիաները։
Սկիզբ առած սկանդալի պատճառով նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, Իլոն Մասկը որոշել է դադարեցնել օգտատերերի հաստատման Twitter Blue նշանի՝ գումարով տրամադրելու պրակտիկան, որը ներդրվել էր դրանից ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 5-ին։ Բիզնես կորպորացիաներն էլ ստիպված են եղել ներողություն խնդրել իրենց հաճախորդներից՝ առաջացած խառնաշփոթի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում