Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել

Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել

Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են զորք մտցնել Սիրիայի հյուսիսային շրջաններ։ Ըստ տարածվող տեղեկությունների, թուրքական զորքն արդեն պատրաստ է ներխուժման։ Սիրիայի դեմ իրականացվելիք հերթական հարձակումն արդեն իսկ պատրաստվում է նաև տեղեկատվական դաշտում։ Այսպես, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Ճանկ-Թուր» ռազմական օպերացիայի հաջող ավարտի համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն։

Հիշեցենք, նոյեմբերի 20-ին Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում բնակվող քրդերի բնակավայրերին՝ նշելով, իբր հենց այդ շրջաններից է կազմակերպվել մինչ այդ Ստամբուլում իրականացված ահաբեկչությունը։

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, թե «Ճանկ-Թուր» գործողության արդյունքում ավելի քան 450 քուրդ զինյալների են սպանել։ Տեղեկություններ կան նաև պատասխան կրակով ոչնչացված թուրք զինվորականների մասին, որոնց պաշտոնական թիվն ընդամենը 7 է։

Հալեպի ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ինտերվենցիայի լուրերի ֆոնին երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սիրիայի իշխանությունները զորք են կուտակում երկրի հյուսիսում և պատրաստվում դիմադրություն ցույց տալ թուրքական բանակին։

Իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Միջազգային մամուլը նշում է, որ Թուրքիայի ցամաքային հարձակմանը դեմ են թե՛ Ռուսաստանը և թե՛ Միացյալ Նահանգները։ Սակայն նաև նշվում է, որ Անկարան կարող է արհամարհել Մոսկվայի և Վաշինգտոնի կարծիքները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես հայտարարել է, որ չեն պատրաստվում հաշվի նստել գերտերությունների հետ։ «Թուրքիային ոչ ոք չի կարող զսպել։ Հակաահաբեկչական այս գործողությունը, ինչպես օդում, այնպես էլ ցամաքում, շարունակվելու է», – օրեր առաջ հայտարարել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում