Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում

Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում

Ուկրաինայում ընթացող ռուսական հատուկ ռազմական գործողության վերջին օրերի պասիվությունը, կարծես, հետզհետե հաղթահարվում է։ Խերսոնի ուղղությամբ կրած մեծ ձախողումից հետո ռուսական բանակը վերադասավորումներ է արել և կրկին ակտիվացրել հարձակվողական գործողությունները Դոնբասում։

Այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանը Կուրդյումովկայի ուղղությամբ կարողացել է գրավել Օզարյանովկա բնակավայրը և այս պահին շարունակում է առաջընթացը դեպի քաղաք։ Որոշ կանխատեսումների համաձայան, արդեն այսօր երեկոյան ռուսական զորքերը կարող են գրավել Կուրդյումովկան։

Ռուսաստանը փոքր հաջողություններ ունի նաև Բախմուտ/Արտեմյևսկ ուղղությամբ։ Այստեղ նրանք ամրապնդվել են ստրատեգիական նշանակություն ունեցող Օպըտնոյե բնակավայրում և պատրաստվում են զարգացնել հաջողությունը Բախմուտի ուղղությամբ։

Ուկրաինական կողմն իր հերթին զորքեր է կուտակում Խարկովից հարավ-արևելք ընկած շրջաններում՝ պատրաստվելով այնտեղից գրոհ սկսել Լուգանսկի ուղղությամբ։ Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ այդ հատվածում Ռուսաստանի զորքերը պաշտպանության երկրորդ գիծ են կառուցում։

Ըստ ռազմական փորձագետների, մարտերի ինտենսիվությունը Ուկրաինայում նվազել է եղանակային պատճառներով։ Անձրևոտ և ցեխոտ եղանակը թույլ չի տալիս հակամարտող կողմերին ավելի ակտիվ գործել։ Կանխատեսվում է, որ մարտական գործողությունները կրկին կակտիվանան դեկտեմբերին, երբ ցուրտ եղանակը կսառեցնի հողը և նորից հնարավորություն կտա ռազմական տեխնիկային ազատ տեղաշարժվել մարտադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում